ՊՊԾ գնդի տարածքում հասարակական տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է. քաղաքապետարան

03.08.2016, 14:56
Երևանի քաղաքապետարանը հայտնել է Խորենացի փողոցում զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելուց 17 օր անց հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնման մասին:
ՊՊԾ գնդի տարածքում հասարակական տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնել է Խորենացի փողոցում զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելուց 17 օր անց հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնման մասին:

Հուլիսի 17-ից, երբ գրավվեց ՊՊԾ գնդի շենքը, փակվել էին դեպի շենքը տանող բոլոր ճանապարհները: Դա առանձնահատուկ դժվարություններ ստեղծեց Սարի թաղի թաղամասի բնակիչների համար, որոնք ստիպված էին հաղթահարել բարդ երթուղին ոտքով:

«Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայում գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ:

Հուլիսի 17-ից Երևանի Խորենացի փողոցում անցկացվում էին ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբին աջակցող բողոքի ակցիաներ: Նախորդ ուրբաթ ոչ միայն Խորենացի փողոցում, այլ նաև Սարի թաղում անցկացված հերթական ակցիայից հետո, ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին` բերման ենթարկելով 165 մարդ: Երևանի բժշկական հաստատություններ են դիմել տարբեր վնասվածքներով 73 տուժած: Ցույցի ցրման ժամանակ տուժել են նաև լրագրողներ և օպերատորներ: -0-