Պետական, ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք է կազմակերպել․ Կոնջորյանը մանրամասնել է Աղազարյանին ՔՊ–ից հեռացնելու պատճառները

04.12.2024, 13:03
Ի՞նչ բնույթի տեղեկատվության արտահոսք է կազմակերպել Աղազարյանը․ ՔՊ–ից մանրամասնում են
Պետական, ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք է կազմակերպել․ Կոնջորյանը մանրամասնել է Աղազարյանին ՔՊ–ից հեռացնելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը ՔԽ խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, տեղեկատվության արտահոսքեր է  կազմակերպել։

Այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է  կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը», – ասաց նա՝ մեկնաբանելով Աղազարյանին ՔՊ–ից հեռացնելու որոշումը։

Նա նաև նշեց, որ չի կարող բերել արտահոսած տեղեկությունների օրինակներ, քանի որ դրանք գաղտնագրված են, և նա իրավունք չունի դրանք հայտնելու։

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է իրավապահներն այս ամենին ընթացք տան՝ Կոնջորյանն ասաց, որ առնվազն տեսնում է, որ այստեղ վերլուծելու բան կա։

«Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ», – ավելացրեց Կոնջորյանը։

Հարցին, թե արդյոք վստահ են, որ Աղազարյանն է արտահոսքի հեղինակը, Կոնջորյանը պատասխանեց․ «Առնվազն այն կտորներով, որոնց մասին խոսվել է վարչության նիստի ժամանակ, Աղազարյանը չի հերքել»։

«Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության, որը այդ թվում վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ պետական, ազգային անվտանգության հարցերին, արտահոսք է կազմակերպվել», – ասաց Կոնջորյանը։

Նա նաև նշեց, որ տարբեր գործերով վարույթներ կան հարուցված, որտեղ Հովիկ Աղադզարյանի անունը շոշափվում է։

«Երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակում, դուրս են եկել այդ ինֆորմացիաների վրա (արտահոսքի վերաբերյալ, խմբ․)», – ասաց նա։

Նշենք, որ նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում կայացվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հորդորել է Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը։ Աղազարյանը լրագրողներին ասել է, որ չի հրաժարվի մանդատից՝ հետևելով ռուսաստանցի մանկության ընկերոջ խորհրդին՝ «խորը ափսոսանք» հայտնելով, որ ստիպված է մերժել վարչապետի հորդորը։

Աղազարյան VS Քյարամյան

Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։

Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։

Քրեական գործ

Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։