ՊԵԿ նախագահն անդրադարձել է Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ՊԵԿ նորընտիր նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Տվյալ քրգործի հետ կապված, նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով թույլատրելի շրջանակներում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրության բարձր աստիճանը»,- նշել է ՊԵԿ նախագահը:
«Առաջարկում ենք բավարարվել այդ ծավալով: Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն տրամադրված է»,-ընդգծել է նա:
Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են բողոքարկել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը, Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, որ վարույթ իրականացնող մարմինը դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման օրինակը, հետևաբար հետագա գործողություններին անդրադառնալն այս պահին վաղ է:
«Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո համապատասխան ընթացքը կտրվի: Ինչ վերաբերում է բեկանմանը, որքան գիտեմ, վերաքննիչ դատարանը կալանքի միջնորդության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- նշել է նա:
Հարցին այն մասին, որ Մինիասյանը պնդում է, թե ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ծխախոտի արտահանման գործում, նա նշել է, որ «ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտի արտահանման հետ կապված բացի Մինասյանի պնդումներից այլ փաստարկներ և հիմնավորումներ առկա չեն»:
«ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից, որևէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել պաշտոնական գրություն արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանների՝ այդ գործում ներգրավված լինելու լուրերին, նա նման լուրերը «հերյուրանք է» որակել:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, և նա հետախուզման մեջ է:
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:
Ավելի ուշ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էրՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Ինչից հետո հունիսի 8-ին, ՊԵԿ-ը կրկին հանդես եկավնոր հայտարարությամբ, ըստ որի բացահայտնել էին Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործի նոր հանգամանքներ, ըստ որոնց վերջինիս նոր մեղադրանք էր առաջադրվել: -0-