Նոր կենսաչափական անձնագիր՝ առանց Հայաստան այցելելու, և ծառայություններ «Հայփասում»․ ՆԳՆ-ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

05.11.2026, 11:12
Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր առանց Հայաստան այցելելու․ ՆԳՆ-ի պարզաբանումը․ ՎԻԴԵՈ
Նոր կենսաչափական անձնագիր՝ առանց Հայաստան այցելելու, և ծառայություններ «Հայփասում»․ ՆԳՆ-ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կարո՞ղ են արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները ստանալ նոր կենսաչափական անձնագիր առանց Հայաստան այցելելու, և արդյոք հնարավո՞ր է «Հայփասի» գրասենյակներում օգտվել նաև այլ ծառայություններից։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը շարունակում է պատասխանել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ հնչող հարցերին։

Հնարավո՞ր է «Հայփասի» գրասենյակներում այլ ծառայություններից ևս օգտվել։

«Ո՛չ։ «Հայփասի» գրասենյակներում կարող եք դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։

Իսկ մյուս ծառայությունները՝ օրինակ՝ հաշվառման, քաղաքացիության դիմումների ներկայացման և այլ գործարքների համար, ինչպես նախկինում, կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ։ Դրանք շարունակում են գործել՝ արդեն ոչ թե որպես անձնագրային ծառայություններ, այլ որպես ՄՔԾ մասնաճյուղեր», - նշել է Սարգսյանը։

Կարո՞ղ է մարզի բնակիչը դիմել Երևանի «Հայփասի» գրասենյակ։

«Իհարկե՛։ Անկախ ձեր հաշվառման վայրից՝ կարող եք հերթագրվել և նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալ «Հայփասի» ձեզ հարմար ցանկացած գրասենյակում։ Այսինքն՝ պարտադիր չէ դիմել հենց ձեր բնակության կամ հաշվառման վայրում», - հայտնել է Սարգսյանը։

Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր առանց Հայաստան այցելելու։

«Մեր գործընկերների հետ համատեղ նախապես ապահովել ենք իրազեկումն այն մասին, որ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում անձնագրերի տրամադրման ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է՝ նոր կենսաչափական համակարգի գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման նպատակով։

Մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայությունը հասանելի լինի նախնական գնահատմամբ 2–4 ամսվա ընթացքում։ Սակայն արվում է հնարավորը օր առաջ նշված ծառայությունը գործարկելու ուղղությամբ։ Իսկ հստակ ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - նշել է Սարգսյանը։  

Նոր կենսաչափական համակարգի մասին

2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի ձևակերպման նոր համակարգ: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, երևանյան «Երևան Մոլ»-ում բացվել է HayPass սպասարկման առաջին կենտրոնը:

Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Սկզբնական փուլում նախատեսված է 14 սպասարկման կենտրոնների աշխատանք, այդ թվում՝ երկուսը Երևանում, հետագայում դրանց թիվը հասցնելով 23-ի:

Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, ID-քարտինը՝ 5 950 դրամ: Փաստաթղթերի տրամադրման ժամկետը 14 աշխատանքային օր է: Ավելի վաղ տրված անձնագրերն ու ID-քարտերը մնում են վավերական մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

 


Կարդացեք նաև․ Նոր կենսաչափական անձնագրեր Հայաստանում՝ նոյեմբերի 1-ից․ գներ, դիմելու կարգ և կարևոր փոփոխություններ (ՈՒՂԵՑՈՒՅՑ)