Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին ՊՊԾ գրավված շենքի դիմաց

23.07.2016, 00:00
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան տեղեկացրեց ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին ՊՊԾ գրավված շենքի դիմաց։
 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին ՊՊԾ գրավված շենքի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան տեղեկացրեց ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին ՊՊԾ գրավված շենքի դիմաց։

Պատանդներին ազատելու վեցօրյա սպոնտան ակցիաներից հետո Փաշինյանը փաստորեն գլխավորեց գրավված շենքի մոտ անցկացվող բողոքը։ Նա նկատեց, որ ժողովրդի կամարտահայտման ակցիաների բարձրակետը լինելու է ժամը 20:00-ից 22:00-ը, իսկ ժամը 23:00-ին, օրենքի համաձայն, կանջատվեն բոլոր բարձրախոսները։

Պատգամավորը բացառապես խաղաղ պայքարի կոչ է արել, նույնիսկ յուրօրինակ խորհրդանշական ժեստ է ներդրել՝ վեր բարձրացրած ափեր, որոնք ցույց են տալիս խաղաղ մտադրությունները։

Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ նպատակներից մեկը պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականն է, «բայց այդ հարցը պետք է լուծի ժողովուրդն իր ակտիվությամբ»։

Ուրբաթ Փաշինյանը որոշում ընդունեց ելույթ ունենալ ՊՊԾ շենքի մոտ, թեև նախօրեին ասել էր, թե չի պատրաստվում այլևս այնտեղ վերադառնալ։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–