Մատենադարանը երկրորդ դրամաշնորհն է ստացել Aurora Humanitarian Initiative–ից

20.10.2016, 19:08
«Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին դրամաշնորհ է տրամադրել:
Մատենադարանը երկրորդ դրամաշնորհն է ստացել Aurora Humanitarian Initiative–ից
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել, որի հաշվին տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:

Դրամաշնորհը տրամադրվել է Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին:

Դասընթացի էքսկուրսավարները կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները:

«Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։

«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ: Հայաստանի մշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։ -0-