Մարկարով. Հայաստանը տարածաշրջանի կայունության և զարգացման գործոն է

22.12.2016, 19:27
Հայաստանն այն երկիրն է, որը փորձում է կայուն, կանխատեսելի և զարգացող պահել Հարավային Կովկասի տարածաշրջանը:
Մարկարով. Հայաստանը տարածաշրջանի կայունության և զարգացման գործոն է
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այն երկիրն է, որը փորձում է կայուն, կանխատեսելի և զարգացող պահել Հարավային Կովկասի տարածաշրջանը, ասաց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

Այնուամենայնիվ, քաղաքագետի խոսքով, դրան որոշակիորեն խանգարում է հարևան երկու երկրների հետ գործընկերային հարաբերությունների բացակայությունը։

«Միաժամանակ, Հայաստանը շարունակում է փոխհարաբերություններն Իրանի հետ, ինչն իր հերթին օգնում է ԻԻՀ–ին զարգացնել սեփական կապերն այլ պետությունների հետ։ Այդ իմաստով Հայաստանը կարող է հանդես գալ որպես տվյալ փոխհարաբերությունների զարգացման գործում»,– նշեց Մարկարովը հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։

Խոսելով ՌԴ–ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների մասին` քաղաքագետն ընդգծեց, որ երկու պետությունները կապված են միմյանց հետ զանազան կազմակերպությունների` ՀԱՊԿ–ի, ԵՏՄ–ի, ԱՊՀ–ի միջոցով։ Նրա խոսքով, վերջին ժամանակներում աշխուժացել է նաև երկրների միջև ռազմական գործակցությունը։

Վաշինգտոնի հետ Երևանի կապերի համատեքստոմ քաղաքագետն ընդգծեց, որ Նահանգների համար Հարավային Կովկասի տարածաշրջանի հետաքրքրությունը ոչ թե ինքը` Հայաստանն է, այլ տարածաշրջանում առկա հակամարտությունները։


«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանն իր հերթին ավելացրեց, որ նախագահական ընտրությունների պատճառով 2016 թվականին ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը բավականին պասիվ էր։

«Հետաքրքիր էր Ղարաբաղի շուրջ ԱՄՆ–ի պետքարտուղար Քերիի հայտարարությունը, որում նա զուգահեռներ անցկացրեց տարածաշրջանի ավտորիտար համակարգի և թշնամանքի մթնոլորտի զարգացման միջև։ Կարծում եմ` այդ զուգահեռները պատահական չէին, և ԱՄՆ–ն, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գիտակցեցին, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծվել, եթե հակամարտող երկրներում չիշխի ժողովրդավարույւթունը»,– ավելացրեց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանը պետք է ավելի նախաձեռնող լինի ԱՄՆ–ի հետ փոխհարաբերություններում։ «Հայաստանի հետ ԱՄՆ–ի հարաբերությունները պետք է հիմնվեն փոխշահավետ գործակցության վրա։ Կարծում եմ` այստեղ նաև ԱՄՆ–ի հետ գործակցության տարբեր ձևաչափերի անհրաժեշտություն է առաջանում` միջխորհրդարանական գործակցության ակտիվացման միջոցով և այլն»,– ընդգծեց Հովհաննիսյանը։ -0-