ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կրթություն XXI դար» աննախադեպ ցուցահանդեսն է մեկնարկել չորեքշաբթի Երևանում:
«Նմանատիպ միջոցառում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Ցուցահանդեսին մասնակցում են բարձրագույն և միջին մասնագիտական ավելի քան 60 ռուսական և հայկական կրթական հաստատություններ: Ցուցահանդեսի նպատակը հայ դիմորդներին ռուսական և հայկական բուհերը ներկայացնելն է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության` «Ինտեր-Էքսպոյի» գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը:
Նրա խոսքով, ցուցահանդեսը դիմորդների համար յուրօրինակ «Բաց դռների օր» է։
«Այս տարի, ինչպես սովորաբար, կանցկացվի Հայաստանից ռուսաստանյան բուհերի դիմորդների ընդունելություն: Նրանց տրամադրվում է 232 անվճար ուսման տեղ առաջատար ռուսաստանյան բուհերում: Ընդունելության եզրափակիչ փուլը տեղի կունենա ցուցահանդեսի շրջանակում», - ասաց Քոչարյանը:
Նա կարծում է, որ դա հայ դիմորդների համար Ռուսաստանում կրթություն ստանալու, ուսանողական կյանքին, ծանոթանալու լավ հնարավորություն է: Կարևորն այն է, որ կրթությունը ստանալուց հետո նրանք պարտադիր պետք է վերադառնան աշխատելու Հայաստան:
«Որքանով ես տեղյակ եմ, այս տարի տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության բուհերում անվճար կրթություն ստանալու 250 հայտ, սակայն քննությունները հաջող հանձնել է 232 դիմորդ»,- ասաց Քոչարյանը:
Նա հայտնեց նաև, որ «Կրթություն XXI դար» մասնագիտացված ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 1-ը, անցկացվում է Հայաստանի Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցության ներքո: Այն Գիտության և կրթության ռուսաստանյան կենտրոնին առընթեր գործող Ռուսաց լեզվի ուսումնասիրման կենտրոնի հետ համատեղ գործող ծրագիր է: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում