ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 30-ին Վանաձորի սրճարաններից կրակոցներ են հնչել։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել:
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից արձակել է բազմաթիվ կրակոցներ, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Դեպքի առթիվ հուլիսի 30-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։ Ստեղծվել է քննչական խումբ:
Загружается новость ...
"Право"
Նույն օրը 45-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ինքնաձիգը՝ մեկ փամփուշտատուփով և 20 փամփուշտներով:
«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 18 պարկուճ, 3 գնդակ, 4 փամփուշտ և մեկ դատարկ ինքնաձիգի պահեստատուփ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ»,– ասվում է քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է: -0-