Խախտումներ են արձանագրվել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների հայաստանյան շուկայում

02.02.2017, 21:03
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում:
Խախտումներ են արձանագրվել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների հայաստանյան շուկայում
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ստուգումներից հետո արդեն ամփոփվել են որոշ արդյունքներ:

Այսպես, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ:

Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:

ՍԱՊԾ-ն ներկայում շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում: -0-