ԿԳՆ. մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ

04.03.2017, 16:07
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած ուղեցույցի քննարկումը:
ԿԳՆ. մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած ուղեցույցի քննարկումը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուսուցչի համար ուղեցույցը կոչվում է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով»:

Քննարկմանը մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ:

Հեղինակը հանդես է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին և նրբություններին:

Փիրումյանի խոսքով, Հայաստանի անկախացումից հետո դպրոցներում ցեղասպանության թեման դասավանդելու խնդիրը բարձրացվել է, և իրեն առաջարկել են գրել դասագիրքը, որը մի քանի փուլ է անցել՝ Հայոց ցեղասպանության պատմությունից, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, մինչև նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել:

«Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, և այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել:
Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն և այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ:
Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին. ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք և քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել»,- նշել է ձեռնարկի հեղինակը:

2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը:

Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար:

Այս որոշումը Facebook սոցցանցի հայկական տիրույթում բուռն քննարկումներ, մտահոգություններ և դժգոհություններ առաջացրեց, ինչի կապակցությամբ ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն Facebook-ում նշել է, որ խոսքը չի գնում ցեղասպանությունը որպես առարկա դասավանդելու մասին, այլ խոսքը ԿԳՆ-ի կողմից երաշխավորված ուսուցչի ձեռնարկի մասին է։ Նա ավելացրել է, որ այս հարցի շուրջ, անհրաժեշտության դեպքում, երկուշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, նախարարությունը հանդես կգա պաշտոնական պարզապանմամբ: -0-