ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մենք անպայման կշարունակենք աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին, ասել է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցած, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Կասպերսկին արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության
նախագահի 2015 թվականի մրցանակին:
Նախագահը ողջունել է Եվգենի Կասպերսկուն և նրա տիկնոջը՝ Խու Շիրոնգին, նշելով, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում իր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել այն աշխատանքը, որ կիբերանվտանգության ոլորտում իրականացնում է Եվգենի Կասպերսկու գլխավորած լաբորատորիան և հաջողություններ մաղթել նրան այդ կարևորագույն աշխատանքում:
Եվգենի Կասպերսկին իր հերթին ասել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան՝ ամեն անգամ հասցնելով համատեղել աշխատանքը զբոսաշրջության հետ և հրաշալի տպավորություններ ունի երկրից: Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը նկատելի է:
«Ես շատ ուրախ եմ այս հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հպարտ եմ, որ համալրեցի նրա դափնեկիրների ցուցակը ՏՏ համայնքի իսկական լեգենդների հետ»,– ասել է նա։
Կասպերսկին նաև շնորհակալություն է հայտնել գործադիր խորհրդին՝ մրցանակի և երկրում այս ոլորտին մոտիկից ծանոթանալու հնարավորության համար:
Նրա խոսքով, աշխարհն ավելի է համակարգչայնացվում ու թվայնացվում, և տնտեսության ու հասարակական կյանքի համար տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը շարունակում է աճել։
«Մենք անպայման կշարունակենք աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին», - Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է Եվգենի Կասպերսկին:
Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Եվգենի Կասպերսկու և տիկին Խու Շիրոնգի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:
-0-