Իշխանությունները վերահսկում են հայկական հեռուստատեսությունը ՊՊԾ գնդի շենքի զավթման կապակցությամբ. փորձագետ

27.07.2016, 17:37
Հայաստանի հեռուստատեսությունը գրեթե ամբողջությամբ գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո։
Իշխանությունները վերահսկում են հայկական հեռուստատեսությունը ՊՊԾ գնդի շենքի զավթման կապակցությամբ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հեռուստատեսությունը գրեթե ամբողջությամբ գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, ինչը վերահաստատեցին Երևանում ՊՊԾ գնդի շենքի զավթման հետ կապված վերջին իրադարձությունները, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

«Հայկական հեռուստաընկերությունների կողմից այս իրադարձությունների լուսաբանման ժամանակ զգացվում էր խմբավարի ձեռքը: Առաջին երկու օրերի ընթացքում հնչում էին բացառապես իշխանամետ հաղորդագրություններ և հայտարարություններ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մելիքյանը:

Նա ավելացրեց, որ, երբ զինված խմբավորման հետ բանակցություններ սկսվեցին, հեռուստաընկերությունների հռետորությունը փոքր-ինչ մեղմվեց, սակայն «բոլոր հեռուստաընկերություններն առանց բացառության իրականցնում էին նույն հրահանգները»:

Նրա խոսքով, հենց իշխանություններն իրենց վերահսկողության տակ վերցրին իրավիճակը և ակնհայտ դարձավ, որ հարցն ուժային լուծում չի ստանա, հեռուստատեսությամբ նորից վիրավորական բնութագրեր հնչեցին:

«Բացարձակապես չէր ներկայացվել հակառակ կողմի կարծիքը` մարդկանց, ովքեր զինված խմբի անդամներին ահաբեկիչ չեն համարում: Հեռուստատեսությունը դարձել էր ոստիկանության և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ամբիոնը: ԱԱԾ-ն իր գործառույթներն էր իրականացնում, երբ կոչ էր անում հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը, սակայն ԶԼՄ-ներն, իրենց հերթին, պետք է իրականացնեն իրենց գործառույթները», - ավելացրեց Մելիքյանը:

Փորձագետը կարծում է, որ ԶԼՄ-ները նմանատիպ իրավիճակներում չպետք է սահմանափակվեն պաշտոնական տեղեկատվությամբ, այլ պետք է գտնեն տեղեկատվական այլ աղբյուրներ և հանդես գան ստուգված փաստերով: «Հենց դա է ԶԼՄ-ների առաքելությունը, իսկ մեր հեռուստատեսությունն այս օրերին զբաղվում էր քարոզչությամբ», - ասաց նա:

Խոսելով առցանց ԶԼՄ-ների գործունեության մասին` Մելիքյանը որպես հիմնական գործոն նշեց ընթերցողի` հավաստի տեղեկատվությունը ասեկոսեներից և քարոզչությունից ինքնուրույն տարբերակելու ունակությունը: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հայկական ԶԼՄ-ներին հաջողվել է տեղեկացնել հասարակությանը, թե ինչ է կատարվել և ներկայացնել լիարժեք պատկերը», - ավելացրեց նա:

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով։ -0-