Իրանը կեռապատկի Հայաստան մատակարարվող գազը և Վրաստանին գազ կմատակարարի հայկական տարածքով

28.07.2016, 17:07
Իրանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում ծրագրում է ավելացնել Հայաստանին բնական գազի մատակարարման ծավալներն օրական 1 մլն խորանարդ մետր գազից մինչև 3 մլն խորանարդ մետր:
 Իրանը կեռապատկի Հայաստան մատակարարվող գազը և Վրաստանին գազ կմատակարարի հայկական տարածքով
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում ծրագրում է ավելացնել Հայաստանին բնական գազի մատակարարման ծավալներն օրական 1 մլն խորանարդ մետր գազից մինչև 3 մլն խորանարդ մետր, հաղորդում է PRESSTV պարբերականը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո նշել է, որ Իրանը գնում է այս քայլին Երևանի խնդրանքով: Նրա խոսքով, Իրանը կավելացնի Հայաստան մատակարարվող գազի ծավալները մինչև 2019 թ.-ը:

Ընդ որում, նա ավելացրել է, որ Իրանն արդեն ժամանակավոր ավելացրել է Հայաստան մատակարարվող գազի ծավալը մինչ օրական 3,5 մլն խորանարդ մետր: Վերջինս կապված է ռուսական գազի` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվելու ժամանակավոր դադարեցմամբ:

«Գազի արտահանումը կվերադառմա օրական 1 մլն խորանարդ մետր նոր մակարդակի` ռուսական գազատարի խնդիրների լուծումից հետո 40 օրվա ընթացքում», - ասել է իրանցի նախարարը:

2016 թ.-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է` Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:

Բացի այդ, Զանգանեն նշել է, որ Իրանը հիմնարար համաձայնագիր է կնքել Վրաստանի հետ` Հայաստանի տարածքով գազի ներկրման վերաբերյալ:
Նրա խոսքով, Իրանը մտադիր է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում փորձնական արտահանել գազը Վրաստան Հայաստանի տարածքով:
«Հայաստանի տարածքով Վրաստան գազի տարանցումը կիրականացվի նոր կազմակերպության միջոցով, որը ստեղծվելու է Իրանի և Հայաստանի կողմից: Այդ նույն կազմակերպությունը պատասխանատու կլինի Իրանից Հայաստան գազի մատակարարման հարցերի համար, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարածաշրջանի այլ շուկաներ արտահանման հարցերի համար», - ավելացրել է նա:

Մաքսատան տվյալներով, 2015 թ.-ին Հայաստան է ներկրվել 514,31 մլն դոլարի 2 626,1 մլն խորանարդ մետր գազ, մինչդեռ 2014 թ.-ին ներկրվել է 499 մլն դոլարի 2 493,1 մլն խորանարդ մետր գազ (5,3 տոկոսի և 3 տոկոսի աճ): Նախորդ տարի Իրանից գազի ներկրման ծավալը կազմել է 72,4 մլն դոլարի 383,1 մլն խորանարդ մետր` 2014 թ.-ի 69,1 մլն դոլարի 365,9 մլն խորանարդ մետրի դիմաց: Ռուսաստանից ներկրված բնական գազը կազմում է 82,2 տոկոս կամ 2 160,1 մլն խորանարդ մետր` 426,3 մլն դոլար մաքսային արժեքով (0,09 տոկոսի անկում և 2,38 տոկոսի աճ): -0-