ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Ռոստելեկոմը» սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաներին պայուսակներ և գրենական պիտույքներով փաթեթներ նվիրեցին։
Ըստ ընկերության հաղորդման, ակցիան իրականացվել է «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակում։
«Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս և հատկապես երեխաների համար տոն է՝ ուսումնական տարվա մեկնարկ՝ նոր գիտելիքների ձեռքբերման ու նոր բացահայտումների սկիզբ։ Ցանկանում եմ, որ Կարմիր խաչի գրասենյակի հետ համատեղ այս նվերները ոգևորեն երեխաներին և նրանք մեծ եռանդով, ժպիտներով ու բարձր առաջադիմությամբ սկսեն իրենց ուսումնական տարին»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարից: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը հասարակությանը և տնային պայմանների բարելավմանը:
Ըստ հաղորդագրության, ծրագրի շրջանակում հանրակացարանաբնակ երեխաների հետ կամավորները բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում՝ օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով, այլ միջոցառումներ:
Բացի այդ, ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար առավել կարիքավոր երեխաների համար:
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, իսկ գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է Երևանի 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.):
Ծրագիրը ներառում է նաև աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում