Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
19:55
16 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեսանյութ է հրապարակվել Երևանում ոստիկանի սպանության վայրից, ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
Հոկտեմբերի 16–ին ժամը 04։20–ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ են տեափոխվել երկու ոստիկաններ` 1981 թ ծնված Տիգրան Առաքելյանը «կենսաբանական մահ, ձախ նախաբազկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և 1994 թ. ծնված Ա.Հակոբյանը «գանգի վերին մասի պատռած վերք» ախտորոշմամբ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես ավելի վաղ հայտնել է Քննչական կոմիտեն, պարզվել է, որ 2003 թվականի ծնված երիտասարդը Տիգրան Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել։ Նա նաև հարվածել է Ա.Հակոբյանի գլխին։
Պարզվել է հանցագործների ինքնությունը։ Նրանք 2003 և 2001 թվականի ծնված եղբայրներ են։ Վերջիններս ձերբակալված են։
Նախաքննությամբ պարզվել է, որ եղբայրները գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը) և 185-րդ հոդվածի 1-ին մասով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը): Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ եղբայրներն ավելի վաղ անցել են անշարժ գույքի կողոպուտի մի շարք քրեական գործերով։ Նրանց բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական զենքը։ -0-