ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, Հայաստանի ԱԳՆ-ից այդ լուրի հավաստիությանը վերաբերող հարցին պատասխանել են, որ «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչև հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը»։
Գերատեսչությունից ընդգծել են, որ դա կոռեկտ չէ ո՛չ ընդունող երկրի, ո՛չ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ, քանի որ որևէ երկրում դեսպանի նշանակումը որոշակի ընթացակարգ է ենթադրում։
Այնուամենայնիվ, ըստ թերթի, ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքել, քանի որ ««կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է»։
Ներկայում ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ Աժ նախկին նախագահ Օլեգ Եսայանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում