ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է մայթերի մի մասն առանձնացնել հեծանվորդների համար։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով»,– ասվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ խոսքը գնում է Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու մասին։
Ոստիկանությունը խնդրում է առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել
info@roadpolice.am էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության Ֆեյսբուքյան էջին: -0-