Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

17.01.2017, 20:50
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, ասվում է քաղուժերի համատեղ հայտարարությունում։

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախկին պատգամավոր և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Դալլաքյանը, ինչպես նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն Արամ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարել են ընդհանուր մոտեցումների և առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ կուսակցություններն առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով, որը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են նրանց մտահոգությունները և տեսակետները։

Փաստաթղթում նշվում է նաև, որ այդ որոշումն ընդունվել է` սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։

Կուսակցությունները նշել են նաև, որ համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը Հայաստանի հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են,
իսկ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական–քաղաքական լայն համախմբման միջոցով։ -0-