Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում

Հայաստանի ԶՈՒ հաջողությունները
«Վերջին ամիսներին (հունվար-փետրվարից սկսած), թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ Զինված Ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար լեռ»»,– գրել է նա։
Փորձագետը հայտնել է, որ հակառակորդը հանդիպել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը, ինչից հետո, գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ որոշ աղբյուրների, կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածքի վրա վերահսկողություն սահմանել:
Ավելի ուշ այս թեմային է անդրադարձել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը shantnews.am–ին։
Ավելի ուշ Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Հայաստանի Զինված ուժերն ամեն րոպե աշխատում են, զգոն են, սակայն Հայաստանի ՊՆ–ն չի ցանկանում դրա մասին շատ խոսել, և, ինչպես միշտ, նախընտրում է զսպվածություն դրսևորել։
«Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է»,– գրել է նա։
Արդյո՞ք Չինարիին վտանգ է սպառնում
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում գրել է, որ հայ զինծառայողների գործողությունների շնորհիվ ապահովվել է Տավուշի մարզի հազար բնակիչ ունեցող Չինարի գյուղի անվտանգությունը։
«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է»,– գրել է նա։
Razm.info ռազմական մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կասկածներ է արտահայտել ներկայացված տեղեկության վերաբերյալ։
«1. Պնդումը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ։ 2. Որոշ դիրքային բարելավումներ այնտեղ ունենք, բայց ադրբեջանական դիրքերը մնում են իրենց տեղերում, նշանակում է, որ գնդակոծության ռիսկ միշտ էլ կա։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան»,– գրել է նա։
Վրթանեսյանը նաև ասում է, որ այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։
«Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ»,– գրել է նա։
Ավելի ուշ այս թեմայով factor.am–ի հետ զրույցում արտահայտվել է նաև Արծրուն Հովհաննիսյանը։
«Ճիշտ է, որ հակաառկորդի հետ շփման պայմաններում ոչ մի դիրք կամ բնակավայր չի կարող լիարժեք պաշտպանված լինել, սակայն Չինարիի շրջանում հակառակորդը կորցրել է իր երբեմն դիրքային առավելությունը, ինչն իր հերթին նախահարձակ լինելն անիմաստ է դարձնում»,– ասել է նա։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Միրզոյանի հայտարարությունը։
Մի փոքր ուշ Միրզոյանը խմբագրել է իր գրատումը, նշելով, որ ՊՆ խոսնակն ավելի հստակ ձևակերպում է տվել։ -0-