Հայաստանում կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը նաև 5-12-րդ դասարանցիների համար․ հայտնի է օրը

30.11.2020, 21:29
Հայաստանում կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար․ որոշ արգելքներ այլևս չեն գործի
Հայաստանում կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը նաև 5-12-րդ դասարանցիների համար․ հայտնի է օրը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։

Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։-0-