Հայաստանում կխստացվի ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվրաիր./Նովոստի-Արմենիա/. Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը կխստացվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն:
«Օրենքի հիմնական նպատակն է ընտանիքի պաշտպանությունն ու սեփական ընտանիքում ապրելու երեխայի իրավունքների ապահովումը»,- նշել է Բաթոյանը:
Մասնավորապես, անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
«Ավելի խիստ պատիժ է սահմանվում, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով: Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա»,- նշել է Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով, եթե հանցագործությունը կատարվի կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնի տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատիժը կսահմանվի ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:-0-