Հայաստանն ընթանում է համակարգային բարեփոխումների ուղիով. նախագահ

30.03.2016, 12:17
Հայաստանն ընթանում է համակարգային բարեփոխումների ուղիով:
Հայաստանն ընթանում է համակարգային բարեփոխումների ուղիով. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ընթանում է համակարգային բարեփոխումների ուղիով, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նախօրեին ելույթ ունենալով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք»,– ասել է Սարգսյանը «Կրթություն և մարդկային կապիտալ։ Կայուն զարգացման ճանապարհ» թեմայով իր ելույթի ընթացքում։
Նա ընդգծել է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ:

«Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները»,– ավելացրել է նախագահը։

Նա նշել է, որ դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: -0-