Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են վիզաների ազատականացման ընթացքն ու համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը

27.10.2026, 10:09
Երևանում՝ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստում քննարկվել են վիզաների ազատականացման, տնտեսական ու էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են վիզաների ազատականացման ընթացքն ու համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․   Երևանում՝ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստում քննարկվել են վիզաների ազատականացման, տնտեսական ու էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը։

Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, նիստը կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի համանախագահությամբ։

Զուգահեռաբար տեղի է ունեցել հանդիպում՝ Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։

Բանակցությունների ընթացքում կողմերը գնահատել են տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումները, որպես Հայաստանի 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։

Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։։

Հանդիպման մասնակիցներն ընդգծեցին բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձան մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթին։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ կորդինացումը էներգետիկ ոլորտի պատրաստվածության, բարեփոխումների իրականացման և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա առաջնահերթությունների սահմանման հարցերում։

Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատեցին բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ