Հայաստանի խորհրդարանականներն արյան դոնորներ դարձան

14.06.2017, 14:49
Հայաստանի խորհրդարանում չորեքշաբթի անցակացվել է Արյան դոնորի միջազգային օրվան նվիրված ակցիա:
Հայաստանի խորհրդարանականներն արյան դոնորներ դարձան
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանում չորեքշաբթի անցակացվել է Արյան դոնորի միջազգային օրվան նվիրված ակցիա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ շուրջ 10 պատգամավորներ բարի կամք են դրսևորել և դարձել են արյան դոնորներ: Իշխող ՀՀԿ-ից ակցիային մասնակցել են խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Հրայր Թովմասյանը, «Ծառուկյան» դաշինքից դոնոր է դարձել դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը, «Ելք» դաշինքից` խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅ Դաշնակցությունից` խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ԱԺ-ում իրականացվող ակցիային մասնակցել են նաև լրագրողներ:

Հայաստանի խորհրդարանում արյան հանձնման ակցիա առաջին անգամ է իրականացվում, ինչը Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով, կնպաստի բնակչության շրջանում արյուն հանձնելու կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

«Ամեն տարի Արյունաբանական կենտրոնի մասնագետներն անցկացնում են արյուն հանձնելու ակցիաներ, այս տարի մենք ընտրել ենք Ազգային ժողովը: Արյունը, որ այսօր հանձնել են պատգամավորները, կտրամադրվի մեր այն հիվանդներին, ովքեր դրա կարիքն ունեն»,-լրագրողներին ասաց Դաղբաշյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում արյան դոնորների թիվը մեծ չէ: Արյուն հանձնելու համար տարեկան Արյունաբանական կենտրոն են դիմում մոտավորապես 15 հազար կամավորներ:

«Սակայն դա բավարար չէ, մենք պետք է ավելացնենք մեր դոնորների քանակը; Հայաստանի բնակչության շուրջ 2% -ը պետք է դառնան արյան դոնոր, որ մեր արյան պահուստները բավարար լինեն»,-նշեց Դաղբաշյանը:

Նա հավելեց, որ դոնոր կարող է դառնալ 18 տարեկանից բարձր յուրքանչյուր առողջ մարդ: Մեկ տարվա ընթացքում կարելի է 450 միլիգրամով 3-4 անգամ արյուն հանձնել:

Արյան դոնորի միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 14-ին՝ ի պատիվ այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ, իմունոլոգ, Նոբելյան մրցանակակիր Կառլ Լանդշթայների, ով հայտնագործել է մարդու արյան խմբերը: -0-