Հայաստանի խորհրդարանն ընտրեց երկրի չորրորդ նախագահին

02.03.2018, 12:30
Հայաստանի խորհրդարանի 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ։
Հայաստանի խորհրդարանն ընտրեց երկրի չորրորդ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ։

Պատգամավորներն առաջին անգամ ընտրեցին պետության ղեկավարին, քանի որ երկիրն անցել է խորհրդարանական իշխանավարման։ Քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 101–ը։

Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Սահմանադրության 125–րդ հոդվածի 3–րդ մասին և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 139–րդ հոդվածի 5–րդ մասին համապատասխան Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության խմբակցությունների 65 պատգամավորներ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանին։

2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանում է իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը։ Նոր նախագահին ընտրեկու է Ազգային ժողովը։ Նա կստանձնի լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

1970թ. ավարտել է Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1976թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1976-1990 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ. դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ. Սարգսյանը գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ. զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև` ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ. եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար:

1996-1997թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-1999թթ. վերանշանակվել է ՄԹ-ում և Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, ամենամյա Եվրասիական մեդիաֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես-դպրոցի տարեկան ազդեցիկ կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-արևմուտք ինստիտուտի (East West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro-Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (էներգետիկ անվտանգության նախագահ):
Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և այլն:

2000-2013 թվականներին եղել է Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank օf America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

Արմեն Սարգսյանը նաև բազմաթիվ պարգևների է արժանացել։ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
2008 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

1997թ.Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների եւ հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության եւ անցումային տնտեսության ոլորտներում: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: -0-