Հայ ուսանողները դադարեցնում են պարապմունքների բոյկոտը

15.11.2017, 17:13
Հայ ուսանողները դադարեցնում են բոյկոտել պարապմունքները և կպատրաստվեն նոր քննարկումների։
Հայ ուսանողները դադարեցնում են պարապմունքների բոյկոտը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ ուսանողները դադարեցնում են բոյկոտել պարապմունքները և կպատրաստվեն նոր քննարկումների։

Տարկետման իրավունքի դեմ հանդես եկող ուսանողներից հինգը հրավիրվել էին այսօր Ազգային ժողովի շենք` հարցի լուծման ուղիները պատգամավորների հետ քննարկելու համար։

Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրոցներին ասաց ավելի վաղ հացադուլ հայտարարած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, կողմերը համաձայնվել են նոյեմբերի 22–ին կլոր սեղան–քննարկում անցկացնել գիտնականների, դասախոսների և քաղաքացիական հասարակության անդամների ներկայությամբ։ Կքքնարկվեն հարցի լուծման հնարավոր ուղիները։

Նա ավելացրեց, որ ներկա պահին իրենք դադարեցնում են գործադուլը և հացադուլը, որպեսզի սկսեն պատրաստվել առաջիկա հանդիպմանը։

Загружается новость ... "Право"

«Մեր կլոր սեղանի անցկացման առաջարկը պայմանավորված է նրանով, որ մենք, որպես նախաձեռնության անդամներ, ցանկանում ենք, որպեսզի ներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Քննարկումների արդյունքում մենք կփորձենք փոփոխություններ մտցնել տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի մեջ», – ասել է Պետրոսյանը։

Նա նշեց, որ հանդիպմանը ներկա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ ուսանողները կկարողանան փոփոխությունների հասնել, եթե հիմնավորեն իրենց կարծիքը։
ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։

Օրինագծին «կողմ» քվեարկեց 86 պատգամավոր` ԱԺ–ի գրեթե բոլոր խմբակցությունները, բացի 6 պատգամավորից, ովքեր «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից են։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–