Գյումրիում Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված նամականիշ է մարվել

07.12.2018, 13:06
Գյումրիում «Հայփոստ» ՓԲԸ կողմից մարվեց «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշ։
Գյումրիում Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված նամականիշ է մարվել
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում «Հայփոստ» ՓԲԸ կողմից մարվեց «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշ։

Նամականիշի մարման արարողությանը ներկա են գտնվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:

Հայաստանում նշվում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30–րդ տարելիցը։

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվել է 25 հազար մարդ, 19 հազար դարձել է հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնացել է անտուն: -0-