Գրեթե ամառ. Հայաստանում սպասվում է մինչև 25 աստիճան տաքություն

18.03.2018, 11:00
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը:
Գրեթե ամառ. Հայաստանում սպասվում է մինչև 25 աստիճան տաքություն
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:

Այսպես, ամենից շոգ կլինի մարտի 20-22-ին Սյունիքի հովիտներում` այնտեղ սնդիկի սյունը կհասնի 22-25 աստիճան տաքության: Արմավիրում, Արարատում, Տավուշում և Վայոց Ձորում այդ օրերին սպասվում է 22-23 աստիճան, Արցախում, Սյունիքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սնդիկի սյունը կհասնի 22 աստիճանի:

Կոտայքի նախալեռներում երեքշաբթի ցերեկվանից մինչև հինգշաբթի օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 19 աստիճան, Լոռու մարզում ջերմաստիճանը կկազմի 14-18 աստիճան, իսկ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում` 11-16 աստիճան:

Մարտի 18-22-ին ամբողջ հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: -0-