Գերմանիայի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ

21.09.2016, 11:06
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը:
Գերմանիայի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը:

Գաուկն իր ու իր համերկրացիների անունից սրտանց շնորհավորել է հայ ժողովրդին համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ:

Նրա խոսքով, անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Հայաստանի նախագահի՝ Գերմանիա կատարած այցը: Գերմանիան խրախուսում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի մեր երկրին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը»,- ասվում է Գաուկի ուղերձում:

Անկախության հռչակման տարեդարձի իր բարեմաղթանքներին Գերմանիայի նախագահը հավելել է մաղթանքներ Ձեր անձնական բարօրության և Հայաստանի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-