Գենափոխված սննդամթերքը Հայաստանում. ի՞նչ ենք ուտում իրականում

29.02.2016, 21:10
Գենետիկորեն վերափոխված օրգանիզմներն այն սննդամթերքներն ու կենդանի օրգանիզմներն են, որոնք ստեղծվել են գենային ինժեներիայի օգնությամբ:
Գենափոխված սննդամթերքը Հայաստանում. ի՞նչ ենք ուտում իրականում
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Գենետիկորեն վերափոխված օրգանիզմներն այն սննդամթերքներն ու կենդանի օրգանիզմներն են, որոնք ստեղծվել են գենային ինժեներիայի օգնությամբ: ԳՎՕ բույսերն ավելի բարձր բերքատվություն ունեն և վնասակարների նկատմամբ կայուն են:
Հայաստանում այս պահին արգելված է ԳՎՕ արտադրությունը: Սակայն գենափոխված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի ներմուծումը թույլատրվում է մակնշումների առկայության դեպքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հետաքրքրվել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանից, թե ինչպես է այս խնդիրը կարգավորվում Հայաստանում օրենսդրական մակարդակով:

«Տվյալ ոլորտը կարգավորող օրինագիծն արդեն ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողովին, մի քանի լսումներ են անցկացվել, այնուամենայնիվ, շատերը դեմ են արտահայտվել օրինագծին, քանի որ այն չի կարգավորում ողջ շղթան: Մասնավորապես, դա վերաբերում է ԳՎՕ սննդամթերքի նպատակային օգտագործմանը: Ինչ վերաբերում է մեր երկրում գործող կարգերին, ապա պատկերը սա է` գենափոխված սննդամթերքի վաճառքը Հայաստանում արգելված չէ, բայց այն պետք է մակնշված լինի»,- ընդգծեց Պիպոյանը:

Նա նշեց, որ գենետիկորեն վերափոխված սննդամթերքի վերահսկողությունը Հայաստանում գրեթե զրոյական մակարդակում է:

«Սննդամթերքները հազվադեպ են ուղղվում ԳՎՕ առկայությունը ստուգելու»,- նշեց նա, ավելացնելով, որ նույնիսկ օրենքի ընդունումն այս ոլորտում քիչ բան կարող է փոխել:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պարենի անվտանգության և որակի վերահսկողության ծառայության պետ Վահե Դանիելյանն իր հերթին նշեց, որ պրոֆիլային օրենսդրությունում գոյություն ունեն հստակ ձևակերպումներ, թե որոնք են համարվում գենափոխված սննդամթերքներ:

Դանիելյանն ընդգծեց նաև, որ Հայաստան ներկրվող արտադրանքը ենթարկվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննության, եթե դրա անհրաժեշտությունը կա:

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանն իր հերթին նշեց, որ փորձում է զերծ պահել իր ընտանիքն ու իր ռեստորանի այցելուներին ԳՎՕ պարունակող սննդից:

«Այնուամենայնիվ, դրանք շատ են և տարածված, հետևաբար, դժվար է խուսափել դրանց օգտագործումից»,- նշեց Մամուլյանը:
Մսի օգտագործման պարագայում նա խորհուրդ տվեց նախընտրությունը տալ ոչխարի մասին, գնել այն միրգն ու բանջարեղենը, որն աճում է երկրի նախալեռնային հատվածում:

«Ես ոչ միայն բացասաբար եմ վերաբերվում այդպիսի մթերքին, այն վախ է առաջացնում երիտասարդ սերնդի առողջության առումով»,- պատմեց Մամուլյանը: -0-