«Եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, որ զավակ ունի, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ»․ Փաշինյանը հայտնել է, որ Առաքելական Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս

09.06.2025, 10:32
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, նշել է Փաշինյանը
«Եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, որ զավակ ունի, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ»․ Փաշինյանը հայտնել է, որ Առաքելական Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս մասին այսօր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Նա նաև նշել է, որ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի», – նշել է Փաշինյանը։  

Նա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ է արել համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։