Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած խումբը ոստիկանական ևս երկու մեքենա է այրել

25.07.2016, 22:28
Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած զինված խմբի անդամները ոստիկանական ևս երկու մեքենա են այրել:
Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած խումբը ոստիկանական ևս երկու մեքենա է այրել
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած զինված խմբի անդամները ոստիկանական ևս երկու մեքենա են այրել, այդ թվում՝ «Շևրոլե» մակնիսի ավտոբուս, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա ավելացրել է նաև, որ նախորդ գիշեր «Գազել» այրելուց հետո խմբի անդամները ավտոդող են բերել, դրա մեջ փամփուշտներ են լցրել և հրդեհել են այն՝ հարակից տների բնակիչների համար իրական սպառնալիք առաջացնելով։

ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խումբը ոստիկանական միկրոավտոբուս է այրել>>

«Իրավապահ մարմինները կոչ են անում խմբի անդամներին չկատարել քայլեր, որոնք սպառնում են քաղաքացիների կյանքին և առողջությանը, և ավելի են սրում իրավիճակը»,- նշեց Ահարոնյանը։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-