ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում Բելառուսի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են այդ երկրի դեսպան Իգոր Նազարուկից լքել Հայաստանը, իսկ հայկական իշխանություններից` սառեցնել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ` Մինսկից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:
Ակցիան կազմակերպել է «Ելք» նախընտրական դաշինքը, որի կազմում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Քաղաքական միավորման առաջնորդներից մեկը` ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել նաև հետ կանչել Մինսկից Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանին:
Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար. Պեսկով>>
Փաշինյանը փորձել է մտնել դեսպանության տարածք և փոխանցել պահանջները դեսպանին` հայերեն լեզվով, ապա ռուսերենով բանակցություններ է սկսել դոմոֆոնով:
Սակայն դեսպանության աշխատակիցները հայտնել են, որ դեսպանը տեղում չէ` խնդրելով նամակ թողնել փոստարկղում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Ելք» դաշինքի վարչության խորհրդի անդամ Տիգրան Ավինյանը, նրանք մտածում են հետագա քայլերի ուղղությամբ, սակայն արդեն այժմ դաշինքը կոչ է անում բոյկոտել հայտարարել Հայաստանում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներին, մասնավորապես, դեսպանության աշխատակիցներին և առրևտրային նախագահությանը: «Բնականաբար, դա չի վերաբերում Հայաստան այցելող Բելառուսի շարքային քաղաքացիներին», - ասաց Ավինյանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։
Լապշինի կինը` ամուսնուն արտահանձնելու մասին. նրան տանում էին կարծես բեն Լադենը լիներ>>
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է որքան հնարավոր է շուտ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։
Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձնմանը։ «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն», – նշել է Լավրովը։–0–