Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարը՝ 3000 դրամը կչեղարկվի

26.01.2025, 00:34
Փաշինյանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամը
Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարը՝ 3000 դրամը կչեղարկվի

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամը։

«21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 2025-ի վերջին, 2026-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու», – ասաց Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, որ ամբողջ համակարգը բավականին բարդ է, և ոչ բոլորը կարող են ճիշտ օգտվել դրանից՝ Փաշինյանը հայտարարեց․ «Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար»։

«Այս կարգավորումներից եթե քաղաքացիները օգտվեն, այս տարվա հայտարարագրի արդյունքում մինչև 70 մլրդ դրամ կարող է վերադարձնենք քաղաքացիներին։ Սա նաև բյուջեի համար ծախս է, պետք է զգույշ լինենք, որ անհամաչափ ծախսեր չգեներացնենք, որը հնարավոր չլինի ինչ-ինչ պատճառներով վճարել»,- ասաց նա։