«Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու». Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ի շենքի դիմաց զրուցեց լրագրողների հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրեն կալանավորելու որոշում կայացնողները որոշման համար պատասխան են տալու։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։
«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու և այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է։
«Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»,- լրագրողներին ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գործում հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն պետք է ՀՔԾ-ում քննվեր։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։
Այնուհետև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չընդունեց կողմերի բողոքները։-0-