Դպրոցի մուտքի մոտ կիրականացվի ջերմաչափում, աշակերտներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է. ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը դպրոցների համար

21.08.2020, 12:41
Դպրոցի մուտքի մոտ կիրականացվի ջերմաչափում, աշակերտներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցներում դասերի կազմակերպման ուղեցույցը
Դպրոցի մուտքի մոտ կիրականացվի ջերմաչափում, աշակերտներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է. ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը դպրոցների համար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց:

Загружается новость ... "Лево"

«Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ»,- նշում են նախարարությունից:

Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

Նշվում է, որ առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

Դասերի կազմակերպման ուղեցույցին առավել մանրամասն ծանոթացեք հետևյալ հղումով

Ներկայացնում ենք մի քանի առավել կարևոր կետեր ուղեցույցից, այն մասին, թե ինչպես են կազմակերպվելու դասերը և ինչ հակահամաճարակային միջոցառումներ են կիրառվելու: 

Ըստ ուղեցույցի 7-րդ կետի, դասերի կազմակերպումն ընթանալու է հետևյալ կերպ:

1)      Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք 4 ժամը մեկ փոխելով:

2)      Սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների պահպանմամբ դասերը դպրոցում կազմակերպելիս՝ դասասենյակների թվի անբավարար լինելու դեպքում դրանք կարող են կազմակերպվել այդ նպատակով կահավորված դահլիճներում և միջանցքներում, ինչպես նաև՝ բացօթյա տարածքում՝ նման հնարավորության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։

3)      Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը:

4)      Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։

5)      Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները:

6)      Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։

7)      Սովորողները դասին մասնակցում են տեղից:

8)      Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

9)      Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով:

10) Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:

11) Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ:Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:

12) Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:

13) Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:

14) Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

Ըստ ուղեցույցի 21-րդ կետի, որը վերաբերում է աշակերտների՝ դպրոց մտնելուն, դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվում են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։

Ներկայացնում ենք նաև 22-րդ կետը, որը վերաբերում է ինքամեկուսացմանն ու թեստավորմանը:

1)      Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (թե´ մանկավարժական, թե´ վարչական) թեստավորվում է՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն:

2)      Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները թեստավորվում են ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման:

3)      Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով ՀՀ առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003):

4)      Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:

5)      Մի քանի դասարաններում և/կամ խմբերում դասավանդող ուսուցչի վարակման դեպքում, հաշվի առնելով տարբեր դասարաններում նրա դասավանդման առավելագույն ժամաքանակը, կարող է 14 օրյա ժամկետով դադարեցվել տվյալ դասարան(ներ)ի սովորողների և անձնակազմից այդ ուսուցչի հետ անմիջական շփում ունեցած(ներ)ի հաճախումը դպրոց:

6)       Սովորողների ընտանիքներում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի արձանագրման դեպքում ապահովվում է նույն դասարանում/խմբում սովորողների նկատմամբ բժշկական հսկողություն:-0-