ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է` ընտանիքում սպասվող երեխայի կապակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց Aurora Prize մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Քլունին առաջին անգամ Հայաստան է այցելել նախորդ տարի և մասնակցել է Aurora Prize–ի առաջին մրցանակաբաշխությանը։
«Ծրագրվում է, որ այս տարի նույնպես կայցելի, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե երբ կծնվի Քլունիների երեխան»,– ասաց Աֆեյանը։
Նա նշեց, որ Ամալ Քլունին առաջիկա օրերին պետք է երկվորյակ ունենա, ինչը կարող է խանգարել աստղային հորն այցելել Հայաստան։
Սակայն, մրցանակի համահիմնադիրի խոսքով, դա որևէ կերպ չի նվազեցնում մրցանակաբաշխության նշանակությունը, քանի որ արդեն հայտարարվել են հավակնորդները, նախատեսված է տարբեր հայտնի գործիչների մասնակցությունը։
Մրցանակի մյուս համահիմնադիր Ռուբեն վարդանյանն իր հերթին նշեղ, որ մրցանակի հիմնական շեշտադրումը Քլունիի կամ այլ աստղերի մասնակցությունը չէ։
«Մենք կարծում ենք, որ այդ մրցանակում կարևորը մենք կամ Քլունին չէ, այլ դափնեկիրները, ովքեր մարդկանց են փրկում։ Կարծում եմ, որ արդեն կարելի է շոուից և հայտնի դեմքերից անցում կատարել իրական արժեքների և գործերի»,– ասաց Վարդանյանը։
Aurora Prize մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը երկուշաբթի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը ներկայացրին Aurora Prize 2017 մարդասիրական միջազգային երկրորդ մրցանակի թեկնածուներին:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության ութ տարիներին (1915-1923 թթ.)` Aurora Prize-ի դափնեկիրները յուրաքանչյուր տարի արժանանալու են 100 հազար դոլարի չափով դրամաշնորհի: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դափնեկիրը ստանում է հնարավորություն շարունակել էստաֆետը` առաջադրելով 1 մլն դոլար արժողությամբ պարգևին կազմակերխությունների, որոնք ոգեշնչել են իրեն զբաղվել մարդասիրական գործունեությամբ:
Ավրորա միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի նախագիծն է: Այն ներկայացված է երեք կազմակերպությունների տեսքով` 100 Lives Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյցարիա) և IDeA Foundation (Երևան, Հայաստան): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում