Chanel նորաձևության տան սեփականատերն առաջին անգամ կայցելի Հայաստան

08.03.2019, 13:59
Chanel նորաձևության տան սեփականատերն առաջին անգամ կայցելի Հայաստան:
Chanel նորաձևության տան սեփականատերն առաջին անգամ կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև ուսումնասիրելու մեր երկրի թեթև արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժերար և Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:

Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում:–0–