Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է

19.10.2020, 18:04
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
 Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի պաշտպաններից մեկը՝ Երեմ Սարգսյանը:

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», - նշել է Սարգսյանը։

Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության հետ կապված ամբողջությամբ ներկայացրել են, թե՛ իրավական, թե՛ փաստական, թե՛ բարոյական տեսանկյունից:

Նա ընդգծել է, որ նախաքննության մարմինը իրենց գրավի առաջարկություն չի արել երբևէ, միանգամից դատարան է մտել կալանքի միջնորդությամբ, իսկ իրենց բոլոր առարկությունները եղել են կալանքի դեմ:

«Հիմա, երբ արդեն դատարանը կալանքի հիմքերը տեսել է, մենք իրացրել ենք մեր ազատության մեջ լինելու սահմանադրությամբ նախատեված համապատասխան երաշխիքի ներկայացմամբ ազատ լինելու իրավունքը, այդ իրավունքի կոնտեքստում որևէ խոչընդտոող հանգամանք ես չեմ տեսնում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նրան կալանավորել են 2 ամսով։-0-