Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 22-ին Երևանում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները:
Դիմորդների և ծնողների վրդովմունքի պատճառն այն է, որ չնայած քննություններում ստացած բարձր գնահատականներին դիմորդներին հայտնել են, որ իրենք բուհ չեն ընդունվել ոչ առաջին, ոչ երկրորդ հայտով: Ընդ որում դիմորդները նշում են, որ բուհ են ընդունվել դիմորդներ, ովքեր ավելի ցածր գնահատականներ են ունեցել:
Ծնողներից մեկը հայտնել է, որ չորեքշաբթի օրն ԱԺ-ում այս հարցի քննարկումն է ընթանում, սակայն ոչ ԿԳՄՍ նախարարը, ոչ նրա տեղեկալները քննարկմանը չեն եկել, իսկ հարցը 739 դիմորդի ապագայի մասին է:
«Դուք 739 դիմորդներին և նրանց ընտանիքներին փորձում եք արհամարհել, բայց դա ձեզ մոտ չի ստացվի: Լավ իմացեք, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով»,- նշել է բողոքի ակցիայի մասնակից ծնողներից մեկը:
Նրանցից մեկը նաև հայտնել է, որ եթե ԿԳՄՍ նախարարը չգա, ապա նրանք գնալու ենք ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց սպասեն:
Բողոքի ակցիա անցկացնողները պահանջում են մեծացնել բուհերում ազատ տեղերը, որպեսզի իրենց երեխաները կարողանան ընդունվել իրենց ցանկացած մասնագիտությամբ:
Նշենք, որ քիչ առաջ բուհ չընդունված դիմորդների ծնողները հանդիպում են ունեցել օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ: -0-