Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է Աշոտյանի վրա կատարված հարձակումը

30.08.2016, 10:36
Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վրա կատարված հարձակման հետ կապված գործը:
Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է Աշոտյանի վրա կատարված հարձակումը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վրա կատարված հարձակման հետ կապված գործը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին Facebook–ի իր էջում գրել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։

Թերթը գրում է, որ Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս։

«Նրանք վստահաբար ասում էին, որ հարձակումը պատվիրվել է Հայաստանից, և որպես առաջին կասկածյալ նշվում էր Գագիկ Ծառուկյանի անունը, ում մասին հարցազրույցում խոսելիս` Աշոտյանը մականունով էր նրա մասին ասել։ Այլ կերպ ասած` Աշոտյանն իր համակուսակիցների մոտ իրեն ցանկանում էր ներկայացնել որպես «հետապնդվող քաղաքական դրդապատճառներով»»,– նշվում է հրապարակման մեջ։

Սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայտնի է դարձել, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»,–գրում է թերթը։ -0-