Beeline ընկերությունն արդիականացնում է ֆիքսված կապը Լոռու մարզում

04.03.2016, 16:12
ԱրմենՏել» ՓԲԸ–ն նախատեսում է մինչև 2016 թ.–ի մայիսի 16–ն ավարտել Լոռու մարզի ֆիքսված կապի արդիականացման աշախտանքները:
Beeline ընկերությունն արդիականացնում է ֆիքսված կապը Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) նախատեսում է մինչև 2016 թ.–ի մայիսի 16–ն ավարտել Լոռու մարզի ֆիքսված կապի արդիականացման աշախտանքները, որոնք մեկնարկել են այս տարվա փետրվարին Վանաձորում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո նշված համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:

«Beeline-ն աշխատում է որակյալ և մատչելի կապ ապահովել իր հաճախորդների համար` միաժամանակ շարունակելով ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում ֆիքսված կապի մեր ծառայությունները հասանելի են դառնում նոր որակով, և ավելի մեծ թվով բաժանորդներ հնարավորություն են ստանում օգտվելու Beeline լայնաշերտ ինտերնետից: Ներկայում ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի որակյալ մեր ծառայություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2015 թ.–ի ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-