Beeline-ի աջակցությամբ մեկնարկեց հատուկ դասընթացների շարքը

13.12.2016, 19:11
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հատուկ դասընթացների շարքի մեկնարկի մասին:
Beeline-ի աջակցությամբ մեկնարկեց հատուկ դասընթացների շարքը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հատուկ դասընթացների շարքի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այսօրվա դասընթացները տեղի ունեցան Դիլիջան համայնքում:

Դասընթացներին մասնակցում էին երեխաներ, ովքեր ընտրվել են Դիլիջանից, Հաղարծինից, Գոշից, Թեղուտից, Հովքից և Խաչարձանից:

«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։

Ծրագրի մեկնարկը տրվել էԱրարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ Ծրագիրը իրականացվում է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշել է, որ Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաև շատ ենք կարևորում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են մարզերի հավասարաչափ զարգացմանը։

«Այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ օգնում և նպաստում է թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով ապագայի կերտմանը, ինչը այդքան կարևոր է մեր ժամանակներում», – նշել է Պյատախինը։

«Beeline-ի հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է և մենք կարևորում ենք հեռավոր համայնքներում ապրող երիտասարդների և պատանիների մասնակցությունը ու ներուժի ներդրումը համայնքի զարգացման գործում: Ծրագիրը մեծ կարևորություն է երեխաների միջոցով ընտանքիների և հասարակության առողջ զարգացմանը, ինչպես նաև ՏԻՄ – ՀԿ - Տեղական բիզնես համատեղ ջանքերի արդյունավետ իրականացմանը»,- նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց նաև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-