Armenia TV-ի նոր ծրագրերը հասանելի կլինեն հոկտեմբերի 31-ից

09.10.2016, 14:06
Ucom հեռահաղորդակցային ընկերության և Armenia TV-ի նոր համատեղ մեդիանախագիծը հասանելի կլինի Ucom ընկերության բաժանորդներին հոկտեմբերի 31-ից:
Armenia TV-ի նոր ծրագրերը հասանելի կլինեն հոկտեմբերի 31-ից
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ucom հեռահաղորդակցային ընկերության և Armenia TV-ի նոր համատեղ մեդիանախագիծը հասանելի կլինի Ucom ընկերության բաժանորդներին հոկտեմբերի 31-ից:

«Նախորդ տարի Armenia TV-ն և Ucom ընկերությունը ստեղծեցին վեց նոր հեռուստաալիք Ucom-ի ցանցում, որոնք միանգամից սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Armenia premium-ը այն ալիքներից մեկն է, որն առաջատար դիրքեր է զբաղեցրել վարանիշային աղյուսակում: Մեկ տարի անց մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք հատուկ մեդիաբովանդակություն ստեղծել Armеnia premium-ի համար», - ասաց Armenia TV-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան ամեն օր չորս նոր բացառիկ հեռուստածրագրեր դիտել՝ ստեղծված հատուկ Armenia premium հեռուստաալիքի համար:

Նոր նախագծերի թվում է բազմասերիանոց «Հին թագավորներ» հեռուստասերիալը, որտեղ իրադարձությունները զարգանում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, երբ Հայաստանում պետք է գահակալեր Տիգրան Երկրորդը, «Բաղձալի փեսացու» ռեալիթի շոուն՝ հանրաճանաչ դերասան Սոս Ջանիբեկյանի և 12 հարսնացուների մասնակցությամբ: Կսկսվի նաև «Ազիզյաններ» իրավիճակային կատակերգության ցուցադրությունը, որի գլխավոր դերում է Հայկ Մարությանը, և Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Change» սիթքոմը, ով կներկայանա միանգամից երկու տարբեր կերպարով:

«Մեր նոր նախագծերը համապատասխանում են «պրեմիում» դասին: Մենք այդքանով չենք սահմանափակվի: Armenia premium հեռուստաալիքի առաջին եթերաշրջանը կավարտվի փետրվարին և 2017 թ.-ի մարտին արդեն նոր նախագծեր կլինեն», - ասաց Բաբախանյանը:

Armenia premium հեռուստաընկերությունը հասանելի կլինի Ucom-ի ցանցում 0 կոճակի ներքո:
Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով, Armenia premium հեռուստաալիքի ստեղծման համար կիրառվել են ընկերության տեխնոլոգիական լուծումները և Armenia TV-ի՝ որակյալ բովանդակություն ստեղծելու ունակությունները:

«Առաջիկայում մենք ցանկանում ենք բարելավել հեռարձակման որակը և գերբարձր հստակության հեռուստատեսություն ապահովել: Ներկայացված նախագծերից մեկն արդեն իսկ նկարահանվել է 4K որակով: Շատ շուտով մենք կկարողանանք նման հեռարձակում ապահովել», - ասաց Եսայանը: -0-