«Armenia» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել ապրիլի սկզբից

02.03.2016, 17:14
«Armenia» նոր ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ սկսել ապրիլի սկզբից:
«Armenia» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել ապրիլի սկզբից
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Armenia» նոր ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ սկսել ապրիլի սկզբից, տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, ավիաընկերությունը ՔԱԳՎ–ից արդեն ստացել է օդանավերի շահագործման վկայականը։

«Այս պահին ընկերությունն անցնում է վերջին փուլը` կանոնավոր կոմերցիոն չվերթերի իրականացման վկայական ստանալու համար», – ասաց Գրձելյանն ու ավելացրեց, որ օդանավերի թիվն ու ավիաչվերթերի ուղղությունները կոմերցիոն գաղտնիք են։
  
ՔԱԳՎ–ի մամուլի քարտուղարը նաև նշեց, որ կանոնավոր, կոմերցիոն չվերթերի իրականացման հայտը նախատեսվում է ուսումնասիրել մինչև մարտի երրորդ տասնօրյակը։
«Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ընկերությունը, հիմնադիրների խոսքերով, մտադիր է թռիչքները սկսել արդեն ապրիլի սկզբից», – ասաց Գրձելյանը։

ՔԱԳՎ–ի տվյալներով` «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51տոկոսը), Թամազ Գայիաշվիլին (25 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24 տոկոս)։ Թամազ Գայիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության հիմնադիրն է և Ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը Գայիաշվիլու նախկին տեղակալն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ԶԼՄ–ները, նոր ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը կներգրավվեն «Airzena»–ի աշխատակազմից, իսկ ավիապարկը կձևավորվի «Airzena»–ի շահագործած ինքնաթիռներից։

ՀՀ կառավարությունը 2013 թ.–ի հոկտեմբերի 23–ին հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։

Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում ավելի վաղ գործող կազմակերպությունները։ Մասնավորապես, 2015 թ.–ի վերջի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր են իրականացրել Aegean Airways–ը, Georgian Airways–ը, Iraqi Airways–ը, Al Naser–ը, Mahan Air–ը, Middle East Airways–ը, S7 Airlines–ը, Czech–ը, LOT–ը։ Երևան–Դոհա–Երևան ուղիղ չվերթերի իրականացման հարցում հետաքրքրված է նաև Qatar Airways ավիաընկերությունը։–0–