Անցում ձմեռային ռեժիմի.սառնամանիքներ են սպասվում Հայաստանում

26.11.2017, 11:00
Ողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանի նվազում է դիտվում:
Անցում ձմեռային ռեժիմի.սառնամանիքներ են սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանի նվազում է դիտվում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:

Ամենից ցուրտ կլինի երկուշաբթի գիշերը Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ սնդիկի սյունը կիջնի մինչև 15-20 աստիճան ցուրտ:

Երևանում նոյեմբերի 26-ին և հաջորդ հինգ օրերին ցերեկն օդը կտաքանա մինչև 2-5 աստիճան տաքություն, իսկ գիշերները սպասվում են սառնամանիքներ:

Միաժամանակ, նոյեմբերի 26-29-ը հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիսային` 3-8 մետր վայրկյան արագությամբ: -0-