Ամանորի տոն են նվիրել երեխաներին Հայաստանի նախագահի նստավայրում

22.12.2015, 19:55
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները։
Ամանորի տոն են նվիրել երեխաներին Հայաստանի նախագահի նստավայրում
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները։

 - рис.1

«Այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ»,– հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հյուրերի թվում էր նաև Մանկական Եվրատեսիլի հայ մասնակից Միկան (Միքայել Վարոսյան), ով մրցույթում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից:

 - рис.2

Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 23-24-ին:

 - рис.3

Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։

Դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ: -0-