ՀՀ նախագահն այցելել է գրականության թանգարան և ազգային պատկերասրահ

29.01.2016, 17:44
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ, հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
 ՀՀ նախագահն այցելել է գրականության թանգարան և ազգային պատկերասրահ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ, հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:

«Թանգարանում Հանրապետության Նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին»,-ասված է հաղորդագրությունում:

Հանրապետության նախագահը ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված աշխատանքներին, դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված պայմաններին:

Ազգային պատկերասրահում նախագահն այցելել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ» ցուցահանդես՝ նվիրված մեծանուն նկարչի ծննդյան 145-ամյակին:

Պատկերասրահում Սերժ Սարգսյանը դիտել է նաև աշխարհահռչակ հայ նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը և Սեդրակ Առաքելյանի «Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու» խորագրով ցուցահանդեսը:-0-