Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել. ՔԿ

01.10.2022, 22:42
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

«Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ կրակոցներ արձակած զինծառայողը, ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-